Հայերեն

plakat-migracja-web

Անտիֆրոնտեքս օրեր, 2015թ. մայիսի 19-22

2015թ. Մայիսի 21-ին եվրոպական ռասիզմի ծաղկաբույլը հավաքվելու է Լեհաստանում՝ Վարշավայում՝ տոնելու Եվրոպա Ամրոցի արժանիքների պահապան ամենաազդեցիկ մետա-կազմակերպություններից մեկի ստեղծման տասնամյակը: Ոչ շատ հայտնի այս կազմակերպությունը մինչև վերջերս ստվերում էր. այն սահմանային ոստիկանության և գործակալական հետախուզական ծառայության մի հիբրիդ է, ինչպես նաև հակամիգրանտային քաղաքականության ագրեսիվ խրախուսող: Խոսքը Ֆրոնտեքսի մասին է (Frontex, ֆրանսերեն Frontieres exterieurs-ից), որը ԵՄ (հակա)միգրանտային քաղաքականության գործադիր մարմինն է, վայելում է (ԵՄ արտաքին քաղաքականության համար) որոշումների կայացման ինքնավարություն, տարեցտարի աճող բյուջե, որը չի վերահսկվում: Բյուջեն օգտագործվում է ֆուտուրիստական նախագծեր ֆինանսավորելու համար, որոնք կարծես դիստոպիաներից քաղված լինեն, ինչպես, օրինակ, երկրային անօդաչու թռչող սարքերի ավտոմատ համակարգը, որը հայտնի է TALOS նախագիծ անունով և որն իրականացվել է Վարշավային տեխնոլոգիական համալսարանի, Իսրայելի ավիատիեզերական արդյունաբերության, բազմաթիվ այլ ռազմական կորպորացիաների հետ համագործակցությամբ: Գործընկերությունը նաև թույլ է տալիս նրանց ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարել միգրացիայի ոլորտում՝ հարևան բռնապետությունների (Բելոռուս, Լիբիա, Թունիս, Ալժիր) հետ առնչություններ, փախստականների նկատմամբ բռնաճշնումների հովանավորում և կազմակերպում ապահով բուֆերային տարածքներում, որը թեթևացնում է պատասխանատվությունը: Արդյունքում Եվրոպայի սահմանն ավելի ու ավելի է հեռանում «հին մայրցամաքից»՝ օգնելով Եվրոպացիների աչքից թաքցնել այս քաղաքականության ազդեցությունները: Գլոբալ հարավի երկրներում հովանավորվող ճամբարների և ԵՄ երկրների դաժան, հակամարդկային միգրացիոն քաղաքականությունների արդյունքում իրական զոհեր են գրանցվում՝ տասնյակ հազարավոր ջրախեղդ ու սովամահ եղած, ծովում կամ անապատում լքված կամ ուղղակի գնդակահարված մարդիկ: Նրանց տարեկան թիվն ավելին է, քան Բեռլինի պատի գոյության ամբողջ ընթացքում զոհվածների թիվը: Նեոգաղութային տնտեսության, զենքի առևտրով զբաղվողների կողմից հրահրված կոնֆլիկտների, բնապահպանական աղետների և, վերջապես, իմպերիալիստական ներխուժումների հետևանքով իրենց ծննդավայրերից դուրս մղված փախստականները հաճախ այլ ընտրություն չեն ունենում, քան «եվրոպական դրախտի» ուղղությամբ փախչելը: Աճող շերտավորումը, սովը, աղքատությունն ու վախը խրախուսում են նրանց կտրել-անցնել անապատներ ու օվկիանոսներ, կառչել օդանավերի ակներից՝ հաճախ ստրկության դատապարտվելով կազմակերպված մաքսանենգ մաֆիաների ձեռքում: Ֆրոնտեքսի գործողությունները միայն ավելացնում են կիլոմետրերն ու խոչընդոտները. առանց Եվրոպայի հեգեմոնիան ու դրա նեոգաղութատիրական քաղաքականությունները վերացնելու՝ երբեք չի հաջողվի նվազեցնել այն մարդկանց վճռականությունը, ում ապավինում են նրանց ընտանիքները, իսկ երբեմն նաև ամբողջ գյուղերը: Սովորաբար ողբերգությունները տեղի են ունենում եվրոպացիների աչքից շատ հեռու, սակայն փախստականների թիվն այնքան արագ է ավելանում (օր. կապված Արաբական գարնան իրադարձությունների, Աֆղանստանի կոտորածի, սիրիական և ուկրաինական պատերազմների հետ), որ անհնար է շարունակել չնկատել նրանց: Իտալիայի ափերի մոտ զանգվածային խորտակումները և Սեուտայի ու Մելիլյայի բռնությունները, Էվրոսի ականապատ դաշտերում մահերը և բուլղարական սահմանի փշալարերն ընդամենը մի քանի օրինակներ են ողբերգության, որը գնալով ընդլայնվում ու ավելի հաճախակի է դառնում՝ հարևան երկրներում խորացող սոցիալական ճգնաժամի խորացմանը զուգահեռ: Ճգնաժամ, որը հաճախ արդյունք է եվրոպական արտաքին քաղաքականության, տնտեսական գաղութացման կամ ուղիղ ռազմական միջամտության:

Վերջին տարիներին այս իրադարձությունները և խիստ քննադատությունը ստիպել են փոխել Ֆրոնտեքսի PR քաղաքականությունը: Փորձելով ներկայացնել իրենց որպես հումանիտար կազմակերպություն (իր ստեղծած խնդիրները մեղմացնելու համար) կամ պայքարելով մաքսանենգների դեմ (ում համար ինքն աշխատանք է ստեղծում)՝ կազմակերպությունը կեղծավորություն է դրսևորում: Այնուամենայնիվ, նրա գործելակերպը շարունակում է խորացնել հումանիտար ճգնաժամը՝ վերցնենք թեկուզ վերջին ծովային օպերացիան, որն արգելեց իտալական նավակազմին փրկել ափամերձ գոտուց դուրս խեղդվող փախստականներին, կամ վերցնենք համագործակցությունը կազմակերպված հանցագործության, այդ թվում պետական կազմակերպված հանցագործության հետ Մարոկոյում և Լիբիայում:
Այն մարդկանց համար, ովքեր վերապրում են երկար ու վտանգավոր ճամփորդությունը դեպի Եվրոպա, խնդիրներն այստեղ չեն վերջանում, այլ միայն փոխում են իրենց բնույթը: Փաստաթղթեր չունեցող միգրանտները հայտնվում են հակա-միգրանտային ներքին քաղաքականության թիրախում: Նրանք ամբողջությամբ չեն բացառվում սոցիալական կարգից՝ նրանց համար տեղ կա ստրկական աշխատուժում, նրանք ոստիկանական բռնության զոհ են դառնում, բանտարկվում են կալանավայրերում: ԵՄ-ում բոլոր միգրանտների կարգավիճակը շատ բարդ է. մի հպանցիկ հայացքը պատերազմի փախստականների ճակատագիրներին հաստատում է ռասիստական քաղաքականության մոդելը (ԵՄ անդամ-պետությունների կողմից ընդունված նվազագույն հումանիտար չափանիշներն անգամ չեն պահպանվում): Կացության օրինական կարգավիճակ ստանալը ծանր փորձություն է, որը սովորաբար հանգեցնում է քրեական մեղադրանքների, քանի որ օրենքները մշակված են այնպես, որ դրանց չափանիշներն անհասանելի լինեն: Ամբողջ ապարատը, որը գործում է միայն բռնաճնշումների ու քրեականացման միջոցով, ծառայում է ԵՄ տնտեսական շահերին: «Մեծ» եվրոպական քաղաքները կառուցվել են միգրանտների ստրկական աշխատուժով, որոնց նկատմամբ իրավական ճնշումներն ավելի ուժեղ են դարձնում գործատուներին: Տնօրենների գրասենյակները մաքրում են անտեսանելի միգրանտների ձեռքերը: Թուլանում են նաև տեղացի աշխատավորների դիրքերը, քանի որ աշխատուժն էժանանում է: Այս մեքենային սնում է նեոֆաշիստների կենցաղային ռասիզմը, որն արտահայտվում է պոգրոմների ու սպառնալիքների ձևով կամ էլ համազգեստավոր ծառայություններում աշխատանքի անցնելով:

Այս դրամատիկ իրավիճակն անպատասխան չի մնում. փակ կենտրոններում ծայր են առնում հացադուլներ ու խռովություններ, խոչընդոտվում են դեպորտացիաները. միգրանտները գիտեն, որ հույսները կարող են դնել միայն սեփական ուժերի վրա, ուստի կազմակերպում են երթեր, գրավում են տարածքներ, սքվոթեր են կազմակերպում, դիմադրում են վտարումներին ու դիմակայում են ֆաշիստներին:

Մենք համաձայն չենք եվրո-ռասիզմի քաղաքականությանը. բռնաճնշումների յուրաքանչյուր նորարարության մենք պատասխանելու ենք եղբայրական ու քույրական, ներքևից վերև ձևավորվող, հակակապիտալիստական միջոցներով: Ինչպես Mos maiorum օպերացիայի (հետպատերազմական եվրոպայի ամենամեծ շուրջկալը) և այլ հակատեղեկատվական նախագծերի պարագայում, կկազմակերպվեն նախազգուշական ակցիաներ, շուրջկալերի ինտերակտիվ քարտեզներ և ի նշան սոլիդարության՝ փաստաթուղթ ունեցողների կողմից հրաժարում դրանք ներկայացնելուց՝ գործողություններ, որոնք բազմաթիվ միգրանտների թույլ են տվել խուսափել Ֆրոնտեքսի կողմից բռնվելուց: Չնայած այս ամենին՝ 19,000 մարդ ձերբակալվել է, ինչը մեզ համար կոչնակ է՝ դիմադրությունն ավելի ինտենսիվացնելու համար: Եվ այդ անելու ենք այստեղ՝ Վարշավայում, որտեղ տեղակայված է Ֆրոնտեքսի գլխամասային գրասենյակը: Լեհական ճամբարներում հացադուլների վերջին ալիքը, չնայած դաժանորեն հանդարտեցվեց, սակայն օգնեց կապեր հաստատել բանտարկյալների ու նրանց աջակից խմբերի միջև, որպեսզի հացադուլի մասին տեղեկությունը հանրայնացվի: Առաջամարտիկներից մեկը՝ Եկատերինա Լեմոնդզավան, իր փորձառությունների մասին գիրք է հրապարակում Վարշավայի NOII խմբի հետ համագործակցությամբ:

Տարիներ շարունակ Վարշավայում կազմակերպվել են Անտիֆրոնտեքս օրեր: Ժամանակն է նոր խթան հաղորդելու դրանց և ուժեղացնելու միմյանց բողոքի ձայնը: Այսպես, միասին, մենք՝ միգրանտներն ու դաշնակիցները, հրավիրում ենք ձեզ Անտիֆրոնտեքս օրերին, որոնք տեղի կունենան Վարշավայում՝ մայիսի 19-22-ը: Սպասում ենք ձեզ՝ հանդիպումներին, ֆիլմերի ցուցադրություններին, ցույցերին և զուգահեռ անցկացվող՝ Ակտիվիստական հանգստյան օրեր փառատոնին (http://activistdaysoff.esy.es/):

Հավելյալ տեղեկությունների համար այցելեք՝ migracja.noblogs.org, գրեք՝ antyfrontex@riseup.net

Հրավիրում ենք հետաքրքրված խմբերին՝ ակտիվորեն մասնակցելու միջոցառման կազմակերպմանը: Մենք Վարշավայում գտնվող փոքր կոլեկտիվ ենք, որը ձեզ հետ միասին ցանկանում է ապակառուցել մեր արտոնությունները և վերացնել մեզ պարտադրված սահմանները: Երբ եվրոպայի միգրանտները միավորվում ենք իրենց դիմադրական պայքարում, իսկ բռնաճնշումներն ուժգնանում են, մենք չենք կարող պասիվ մնալ: Միավորվե՛նք ընդդեմ ինստիտուցիոնալ պետական ֆաշիզմի՝ հանուն իրական և գործնական միջազգային սոլիդարության:
Մայիսի 19-22-ը եկե՛ք Վարշավա: Եկեք միասին ուժեղ ճակատ ստեղծենք Ֆրոնտեքսի դեմ:

Մայիսի 19-22-ը՝ Frontex-ի դեմ օրեր ամենուր
Բոլոր նրանց, ովքեր չեն կարող մայիսի 19-22-ը Վարշավա գալ, առաջարկում ենք Frontex-ի դեմ ապակենտրոն գործողություններ կազմակերպել: Այս օրերին այդ մասին թող խոսվի ամենուր: Սոլիդարություն հայտնելու ձևը թող սահմանափակվի միայն ձեր անսահման երևակայությամբ: Դուք ինքներդ ավելի լավ գիտեք, թե ինչն է առավել համապատասխանում տեղի իրավիճակին և որտեղ կարելի է առավել ցավոտ հարված հասցնել: Կորչե՛ն սահմանները: Կեցցե՛ ակտիվ սոլիդարությունը:

migracja.noblogs.org